ԱՐՇԱՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Հայրենիքը մերն է, մենք՝ հայրենիքինը։

27.10. 23թ.

🏕️Երկօրյա արշավ Արզական գյուղում։

🏕️IX և X դասարանցիները երկու անմոռանալի օր անցկացրին Կոտայքի մարզում՝ խաղեր, խարույկ , երգեր, քայլարշավ…

🍁Քայլարշավի ընթացքում տեսան անտառի մեջ թաքնված Գհուկի վանքը, ապա ճանապարհը շարունակելով՝ հասան բարձունքը վեհորեն հսկող Նեղուցի վանք։

15. 10.23թ.

🍁Քայլարշավ դեպի Խոսրով անտառ։

7-օրյա արշավ Լոռիում (հուլիսի 5-12.23թ)։

Ռազմամարզական խաղեր, սպորտլանդիաներ, վերելքներ, այց Դսեղ՝ Հովհ.Թումանյանի տուն-թանգարան և այլն, և այլն։

9-րդ դասարանցիների եռօրյա արշավը Լոռիում։ Գիշերակացը՝ չքնաղ Դսեղում։ Այցելեցին Հաղպատի, Սանահինի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները։


5-օրյա արշավ Կապանում։ Վերելք Խուստուփի գագաթ։ Հուլիսի 24-29-ը։

Կապան- 2022

Արշավ Դիլիջանում։ Հուլիսի 7-10-ը։

Հայրենաճանաչողական նախագծեր

Արշավ Սյունիքում: Օգոստոսի 10-12՝ նավասարդյան օրեր: 2021 թ.

Սյունիք2021

Արշավ Հանքավանում: 2021 թ.

Օրեր առաջ ևս մեկ արշավ անցկացնելու հնարավորություն ունեցանք հայասպետյան մեծ ու ջերմ ընտանիքում։ «Հայ ասպետում» ամեն ինչն է ուրիշ…. Անգամ կարոտը․․․ Այն քաղցր է, անմահական, հոգիդ լցնող ու ապրեցնող, իսկ նրա կանչը հարատև է… Հայասպետյան կարոտն ուրիշ է… Եվ հենց այդ կարոտն է ամեն անգամ մեզ ստիպում թողնել մեր առօրյան ու միավորվել։ Հայասպետյան արշավները երեխաների սրտերն անսահման ջերմությամբ լցնելու ֆանտաստիկ հնարավորություններ են։ Արշավները մեզ օգնում են գտնել մեր հոգու կորցրած խաղաղությունն ու ամեն անգամ նորովի վերագտնել ինքներս մեզ, իմաստավորել ներկան ու ապագան, պաշտել ու պաշտպանել մեր երկիրը։

Հուլիսի 19-ին մեկնեցինք՝ Հանքավան՝ 7-օրյա վրանային արշավի։ Արշավային յուրաքանչյուր օրն անցնում էր հագեցած և հետաքրքիր։ Առավոտյան արթնանում էինք ընկեր Հայկի կամ ընկեր Նորայրի բազմահազար հորդորներից, սպառնալիքներից և անպայման խոսափողի բարձր ձայնից․ մենք պիտի արթնանայինք, որովհետև արշավային հերթական անմոռանալի օրն առջևում էր։ Արթնանալուն պես գնում էինք առավոտյան վազքի ու նախավարժանքի։ Այնուհետև տղաները տարածքն էին կարգի բերում, իսկ աղջիկները շտապում էին ճաշարան՝ նախաճաշի սեղանը պատրաստելու։ Հետո սկսվում էր մեր ամենասիրելի հատվածը՝ մարտական պատրաստության դասընթացները շա՜տ սիրելի ընկեր Հայկի (պարոն մայոր) հետ։ Մենք սովորում էինք, թե ինչպես է պետք  ճիշտ կրակել, քողարկվել անտառում, կողմնորոշվել տեղանքում, գոյատևել անկանխատեսելի պայմաններում։

Մարտական պատրաստությանը հաջորդում էր ընթերցանության ժամը, ընտրում էինք գրքեր, վայելում դրանք բնության գրկում, իսկ հետո՝ քննարկում։ Հետո ճաշում էինք՝ համտեսելով անսահման սիրով պատրաստված ուտեստները։ Դրան հաջորդում էին սպորտային ու ինտելեկտուալ խաղերը։ Հետո մեզ էին սպասում հայրենիքի տեսարժան վայրերը։ Գնում էինք քայլարշավների՝ բացահայտելով տարածքի մշակութային կոթողները, անուշաբույր ծաղիկներով ծածկված լեռները։ Մենք քայլում էինք ու համոզվում, որ մեր լեռների նման ամուր կամք ունենք և կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները։ Հոգնած, բայց բավարարված ճամբար վերադառնալուց հետո վայելում էինք ընթրիքն ու մեր իսկ ձեռքով հավաքված լեռնային խոտաբույսերով թեյը, որին հաջորդում էր ազգային պարերի չընդհատվող շարանը, որովհետև դրանք ոչ միայն պարեր են,  այլև մեր ինքնաճանաչման ուղեցույցները։

Ու այսպես օրը մթնում էր, բայց ամեն ինչ նոր էր սկսվում, որովհետև խարույկի շուրջ հավաքվելու ժամանակն էր․․․ Խարույկի շուրջ քննարկված թեմաներն են, որ կարծես տալիս են մեզ տանջող բոլոր հարցերի պատասխանները և սովորեցնում մեզ կյանքի ճիշտ ընթացքը գտնելու մեթոդները, որովհետև մենք այդ ջերմ ու տաք միջավայրում նստած փորփրում ենք մեր ներքինն ու գտնում, ճանաչում ինքներս մեզ։

Եվ այսպես՝ 7 օր շարունակ․․․․ Իսկ հետո գալիս է հրաժեշտ տալու Չսիրելի պահը, ու  վերադառնում ենք՝ ամեն անգամ նոր ու շատ արժեքավոր ինչ-որ բանով և ամենակարևորը՝ ջերմ հուշերով ․․․

Հեղինակ՝ ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ 2021 թ․

Հանքավան2021

Արեգ Բեդրոսյանցի «Հեյ գիտի քաղցր գիշեր» պատմվածքում նկարագրվում է Հանքավանի արշավի անձրևային ու արկածային գիշերներից մեկը: Պատմվածքն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ.

Շըրը-ը-ը-խկ։

«Շըրը-ը-ը-խկ», ու սկսվեց մի կատաղի անձրև։ Քնած էի։ Անշնորհք ամպերի գոռոցի պատճառով վեր թռա։ Կողքիս Կոստանն էր պառկած։ Չգիտեմ՝ երազո՞ւմ էր, թե կիսաքուն, բայց ամպերի գոռոցից հետո լսվեց իր գոռոցը․ «Մեղա՜յ, մեղա՜յ, տե´ր Աստծու»:

-Արա Կոստա՛ն, կամա՛ց, սաղ քնած են։

-Էս ի՞նչ ձեներ են, քունս հարամ եղավ։

-Անձրև ա, Կոստա՛ն, անձրև։ Տեսնեմ՝ էս վրանդ ինչքա՞ն կդիմանա։

Կներեք, մոռացա ասել՝ եկել ենք ճամբար, Հանքավան։ Ընկերս՝ Կոնստանտինը, բերել է իր պապիկից իրեն ժառանգած վրանը, որն իր համոզմամբ «ընտիր վրան ա, թափ-թազա։ Նենց դիմացկուն ա, դե հին սովետական ա, էլի»:Կոստանի թափ-թազա սովետական վրանը արդեն մի օյին խաղացել էր մեր գլխին։ Բանն այն է, որ տեղանքը շատ քարքարոտ էր, ու երբ նախորդ օրը փորձում էինք տեղադրել վրանը, ցիցերը ծռվում էին։ Իսկ երբ վրանի ցիցերը խփեցինք (մոտավորապես երեքժամյա ճիգերի արդյունքում) ու ձողն էինք կանգնեցնում վրանի ներսում, Կոստանի «թափ-թազա», այս անգամ նաև «դիմացկուն» վրանը պատռվեց։ Եվ հենց այդ պատռվածքից էլ սույն գիշերը, երբ վեր թռանք, սկսեց շատրվան բխել։

-Դե, Կոստան, վե´ր կաց, հագնվի։ Էս քո վրանը բանի պետք չի։

-Ժամը գիշերվա մեկն ա, ի՞նչ հագնվեմ։

-Անձրևին ասա՝ ժամը մեկն ա, ի՞նձ ինչի ես ասում։ Քանի նոր գեյզեր չի սկզբնավորվել Հայաստանի սրտում, վե´ր կաց՝ վրանդ կպցնենք։ Սկոտչը չմոռանաս։

-Ու՞մ էինք մի կտոր հաց տվել, է՜, ծուռ աշխարհք։

-Տո դե հերիք ա մռմռթաս, ես դուրս եկա։

Երբ դուրս եկանք, այնքան ջուր էր, որ միայն Նոյն էր պակասում իր տապանով։ Ճիշտ է, մի քիչ չափազանցնում եմ․ իրականում դա ջրհեղեղ էր մեր վրանի համար՝ «թափ-թազա», «դիմացկուն», իսկ մյուսները քնած էին իսկապես դիմացկուն ֆրանսիական վրաններում….

Եթե հարցնեք՝ ինձ ինչ է տալիս «Հայ ասպետը», կպատասխանեմ, որ այն վերածվում է բևեռային աստղի և լույս դառնում ողջ կյանքիդ ընթացքում: Օգնում է գտնել ճիշտը ստի լաբիրինթոսում, ճանաչել և գտնել ինքդ քեզ, հասկանալ առաքելությունդ, նպատակդ , ճանաչել աշխարհը՝ իր հարթ ու ողորկ մակերեսներով, հասկանալ, թե ինչու ստեղծագործ մի ժողովրդի այդքան շատ բաժին հասավ ճակատագրի հարվածներից:

«Հայ ասպետ» խաղում երկրորդ հորիզոնականը գրավելուց հետո մենք հնարավորություն ստացանք մեկնելու Ջերմուկ՝ հնգօրյա արշավի:

Ցավոք մեկնեցիք երկուսով՝ ես ու Հասմիկը:

5 կիսաքուն գիշերներ քնապարկում, առավոտյան մարզանք, համեղ նախաճաշ, որ Մարետ տատին պատրաստել էր այդչափ սիրով և ջերմությամբ: Օրերը մեր անցնում էին անչափ հագեցած՝ քայլարշավներ էինք կազմակերպում գեղատեսիլ վայրերով, խաղում «Մաֆիա», որն ի դեպ մեզ շատ մտերմացրեց: Ամենից հիշարժանն անշուշտ գիշերային խարույկն էր: Դրսում ցուուուրտ, սառնամանիք, և խարույկի շուրջ կուտակված մեծ ու փոքր հայ: Դե կիթառը, ֆիդայու խրոխտ երգն ու անվերջ քննարկումները՝ մեզնից անպակաս:

«Հայ ասպետը» խաղ չէ կամ դպրոց, այն ապրելաոճ է , ապրելաձև: Այնքան մեծ հոգևոր սնունդ ենք ստանում մեր ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ հետ շփումից, որ հերիքում է նույնիսկ ամենախելահեղ գաղափարները ի կատար ածելու: Ամեն գործդ աշխատում ես ազգային անկոտրում ոգով համեմել, յուրաքանչյուր ձեռքբերում նշելիս ազգային պարեր պարել, հարգել ու սիրել մայրենիդ, խոր ակնածանքով վերաբերվել ազգային պատկանելությանդ:

Ճամբարից մենք հետ եկանք լացակումած ու տխուր, որ բաժանվում ենք, բայց գիտեինք, որ անպայման կհանդիպենք մի օր և չսխալվեցինք: Մենք բաց չենք թողնում իրար հանդիպելու, միասին ազգային երգ ու պար հնչեցնելու և ոչ մի առիթ։

Կյանքը չափվում է ոչ թե կատարած արտաշնչանքների քանակով, այլ այն պահերով, որոնցից շնչառությունդ կանգ է առնում: «Հայ ասպետը» հաղորդեց մեզ այդպիսի պահերի մի ամբողջ համաստեղություն: Այն տվեց մեզ իրար՝ Հայաստանի տարբեր մարզերից հավաքված պատանիների, որոնք իրենց հայ ասպետ են կոչում և արժանապատվորեն կրում են բարձր պատիվը հայ լինելու:

Հեղինակ՝ Ալլա Հարությունյան 2017թ․

***

«Հայ ասպետ»․․․․ Կյանքումս ունեցած լավագույն ձեռքբերումը։ Արշավային 5 օր, որոնք հագեցած էին ծիծաղով, երգով ու պարով և ԱՍՊԵՏՅԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ խորիմաստ դասերով ․․․․

Կարևոր ձեռքբերումն ու հարստությունը մեր՝ ունենալ ԱՍՊԵՏՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ Հայաստանի գրեթե բոլոր ծայրերից։

Ուրեմն՝ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ ՄԻՄՅԱՆՑՈՎ․․․․

Հեղինակ՝ Գրետա Սարգսյան 2017 թ․

Բարև: Մենք նժդեհիկներն ենք:

     Մենք ամենից շատ սիրում ենք արշավների մեկնել դեպի Հայաստանի պատմական վայրեր, ճանաչել այն երկիրը, որտեղ ապրել է մեր պապիկն ու ապուպապիկը` Հայկ Նահապետը: Դրա համար էլ մեզ կոչում են նժդեհիկներ` փոքրիկ թափառաշրջիկներ: Մեզ նժդեհիկ են կոչում նաև նրա համար, որ առաջնորդվում ենք Գարեգին Նժդեհի գաղափարներով:

Մենք 8 — 11 տարեկան դպրոցականներ ենք և ներգրավվել ենք նժդեհյան դասակներում՝ մեր ակտիվության շնորհիվ: Հայագիտական դասընթացներից բացի, մենք մասնակցում ենք «Հայրենիքը մերն է, մենք` հայրենիքինը» կարգախոսով կազմակերպվող 5-6-օրյա արշավների և բանակումների: Այդ մի քանի օրերն իսկական արկած են, որ կարելի է տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում, մենք ապրում ենք բնության գրկում` վրանների մեջ, ինքնուրույն սնունդ հայթայթում` ծանոթանալով հայկական բնաշխարհի բարիքներին, մասնակցում ենք զինախաղերի և զինավարժությունների, բարձունքների, լեռնագագաթների նվաճման, տարածքների մաքրման: Եվ ինչքա~ն ենք սիրում մենք մեր երկրի երգն ու պարը, որոնցով համեմվում են հայոց լեռներում ու անտառներում՝ խարույկի շուրջ անցկացրած մեր երեկոները:

Մենք ակտիվ մասնակցում ենք ազգային տոների, միջոցառումների, հարգո օրերի և ծառատունկերի: Ամեն տարի մասնակցում ենք «Մանկության մեկ օր» միջոցառմանը, որն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ  որևէ քաղաքում կամ Արցախում՝ համախմբելով Հայաստանի բոլոր մարզերից եկած մանուկներին: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի Վարդանանց տոնին մեր այցը Իջևանի Ակնաղբյուր գյուղ, որտեղ մենք ներկա ենք լինում տոնակատարությանը և նվերներով ծառայության ճանապարհում հայոց բանակի նորակոչիկներին: 2007թ-ին կազմավորվեց մեր առաջին դասակը, կազմակերպվեց մեր առաջին արշավը դեպի Խուստուփ լեռ, որտեղ Նժդեհի աջն ամփոփող տապանաքարի հարևանությամբ տեղադրեցինք մեր քարե ծննդականը: Նժդեհիկները, ինչպես հայ ասպետները, ունեն իրենց համազգեստը, հիմնը, դրոշը:

                                                                         Սիրով` քո բարեկամ նժդեհիկ