Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

Հեռուստախաղերի ցուցադրման ժամանակացույց


 
   

Նժդեհիկներ




Բարև: Մենք նժդեհիկներն ենք

     Մենք ամենից շատ սիրում ենք արշավել Հայաստանի պատմական վայրեր, Ճանաչել այն երկիրը, ուր ապրել է մեր պապիկն ու ապուպապիկը` Հայկ նահապետը: Դրա համար էլ մեզ կոչում են նժդեհիկներ` փոքրիկ թափառաշրջիկներ: Մեզ Նժդեհիկ են կոչում նաև նրա համար, որ մենք առաջնորդվում ենք Գարեգին Նժդեհի գաղափարներով: Երբ արշավների ժամանակ մենք հայտնվում ենք դժվարին իրավիճակներում, մեր հրամանատարն ասում է` համարձակ եղեք. Նժդեհը ձեզ հետ է: Գուցե հարցնես` ո՞վ է Նժդեհը: Գարեգին Նժդեհը (Տեր - Հարությունյան) ծնվել է 1886թ - ին հունվարի 1-ին` Ամանորի օրը, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում: Նժդեհը սկզբնական կրթություն է ստացել Նախիջևանի ռուսական դպրոցում, այնուհետև Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ էլ միացել է հայ ազատագրական շարժմանը: 1906-ին ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը, ավարտել և վերադարձել է Կովկաս: Գարեգին Նժդեհը մասնակցել է Բալկանյան պատերազմին, վարել Ղարաքիլիսայի ճակատամարտը: 1920թ - ին ստանձնել է Լեռնահայաստանի ինքնապաշտպանության գործը, ստիպել է խորհրդային իշխանություններին Ադրբեջանին տված Սյունիքը վերադարձնել Հայաստանին: Իր ինքնակենսագրության մեջ Նժդեհը գրում է. «իմ ամբողջ կյանքը պայքար է եղել հանուն հայրենիքի, որի երկար ճանապարհներին ես այս հասկացա միայն` հայրենապաշտ պիտի լինել և ուժեղ, բայց այնքան ուժեղ, որ թշնամին երբեք չհանդգնի հարձակվել»: Մենք` նժդեհիկներս, ոգեշնչվում ենք նժդեհյան նմանատիպ մտքերով: Մենք «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի մանկապատանեկան կազմակերպության կրտսեր անդամներն ենք: Մենք 8 - 11 տարեկան դպրոցականներ ենք և ներգրավվել ենք նժդեհյան դասակներում մեր ակտիվության շնորհիվ: Հայագիտական դասընթացներից բացի, մենք մասնակցում ենք «Հայրենիքը մերն է, մենք` հայրենիքինը» կարգախոսով կազմակերպվող 5-6-օրյա արշավների և բանակումների: Այդ մի քանի օրերն իսկական արկած են, որ կարելի է տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում, մենք ապրում ենք բնության գրկում` վրանների մեջ, ինքնուրույն հայթայթում սնունդ` ծանոթանալով հայկական բնաշխարհի բարիքներին, մասնակցում զինախաղերի և զինավարժությունների, բարձունքների հաղթահարման, լեռնագագաթների նվաճման, տարածքների մաքրման: Եվ ինչքա~ն ենք սիրում մենք մեր երկրի երգն ու պարը, որոնցով համեմվում են մեր արշավներն ու խարույկի շուրջ հայոց լեռներում ու անտառներում անցկացրած գիշերները: Մեզ հաստատ հանդիպած կլինես «Հայ ասպետ» հեռուստախաղում, ուր մենք մեր ստացած գիտելիքներով հանդես ենք գալիս որպես հուշարարներ: Մենք ակտիվ մասնակցում ենք ազգային տոների, միջոցառումների, հարգո օրերի և ծառատունկերի: Ավանդական «Մանկության մեկ օր» միջոցառման շրջանակներում 2008-ին Դիլիջանում կազմակերպվեց մեր նախնիները խորագիրը կրող բեմականացում` նվիրված հայկյան ցեղի սկզբնավորման 4500 ամյակին: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի Վարդանանց տոնին մեր` նժդեհիկներիս, այցը Իջևանի Ակնաղբյուր գյուղ, ուր մենք ներկա ենք լինում տոնակատարությանը և նվերներով ծառայության ճանապարհում հայոց բանակի նորակոչիկներին: 2007թ-ին կազմավորվեց մեր առաջին դասակը, այդպես մենք կոչում ենք մեր` նժդեհիկներիս խմբերը: Հենց այդ ժամանակ էլ կազմակերպվեց մեր առաջին արշավը դեպի Խուստուփ լեռ, որտեղ Նժդեհի աջն ամփոփող տապանաքարի հարևանությամբ տեղադրեցինք մեր քարե ծննդականը: Նժդեհիկները, ինչպես Հայ ասպետներն, ունեն իրենց համազգեստը, հիմնը, դրոշը: Երևի կհարցնես, թե ովքեր են Հայ ասպետները: Մենք «Հայ ասպետ» հիմնադրամի մշակած ծրագրով անցած եռամյա կրթությունից հետո, հանձնում ենք մեր գիտելիքները ստուգող քննություն, ստանում Հայ ասպետի կոչում, միևնույն ժամանակ դառնում հիմնադրամի լիիրավ անդամ: Գուցե մի օր դու էլ միանաս մեր դասակներին ու դառնաս մեզնից մեկը, սակայն Հայ ասպետի կոչման պետք է արժանանալ: 

                                                                         Սիրով` քո բարեկամ նժդեհիկ
       

Մեզանից մեկը կարող ես դառնալ նաև դու

Ընդունելության կարգը.
ընդունվում են 7-8 տարեկան երեխաներ։ Նախնական զրույցից հետո ընդունված երեխաների հետ մեկ ամիս տարվում են նախապատրաստական դասընթացներ, որից հետո միայն կատարվում է հիմնական ընտրություն։ 
 Ընդունված երեխաներից ձևավորվում են նժդեհիկների դասակներ, և շաբաթը երկու անգամյա գրաֆիկով անցկացվում են դասընթացներ հայրենագիտություն (Հայաստանի աշխարհագրություն, ավանդույթներ, պատմական ակնարկներ և այլն), առասպելագիտություն, ազգային պար, ազգային երգ և վարվեցողության կանոններ թեմաներով։ Ամռան ամիսներին կազմակերպվում են եռօրյա, հնգօրյա և յոթօրյա արշավներ՝ Հայաստանի և Արցախի պատմական և գեղատեսիլ վայրերում։
 Երեք տարի որպես նժդեհիկ ուսանելուց հետո, երեխաները մասնակցում են ընդհանուր քննությունների և հանձնելու դեպքում ընդունվում հայ ասպետների շարքեր։
 Հայ ասպետները ստանում են անդամության քարտ և մասնակցում խոսքի մշակույթի, հայոց պատմության և աշխարհագրության, նժդեհագիտության, ազգային և պարահանդեսային պարերի, երգի, արվեստի պատմության և վարվեցողության դասընթացների։ 
 «Հայ ասպետ» կենտրոնում կրթությունը և կազմակերպության համազգեստը տրվում է անվճար, բոլոր արշավներն ու միջոցառումները կազմակերպվում են պաշտպանության նախարարության օժանդակությամբ։ 
 Հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են պետական, բարեգործների և ծնողների կատարած ներդրումներից։
 Կրթությունը կենտրոնում տևում է մինչև 17 տարեկան, որից հետո լավագույնները ստանում են «Հայ ասպետի» կոչում և դիպլոմ, իսկ մյուսները «Հայ ասպետի» անդամության հավաստագիր։ 
© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM